«ԱՐԾՎԻ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ», ամսագիր, ապա՝ շաբաթաթերթ: Հրատարակվել է Կ. Պոլսում, 1855-56 ու 1873-74-ին և Վարագավանքում, 1858-64-ին: Արևմտյան Հայաստանի տարածքում հրատարակվող առաջին պարբերականը: Խմբագիրներ՝ Մ. Խրիմյան և Մ. Անանյան: Լուսաբանել է եկեղեցական կյանքի, Հայաստանի պատմության, կրթության, բարոյական դաստիարակության խնդիրներ: Մեծ տեղ է հատկացրել հայ մշակույթի գործիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Դավիթ Անհաղթի և այլոց կյանքին ու գործունեությանը, նշել նրանց դերը և ներդրումը հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում: Հրապարակել է հոդվածներ հայկական կենտրոնացված ուժեղ պետության ստեղծողների մասին, որով նպաստել է հայերի ազգային ինքնագիտակցության զարթոնքին: Սկզբնական շրջանում հիմնականում լուսավորական ուղղություն ունեցող թերթը 1860-ից քարոզել է ազգային-ազատագրական գաղափարներ, դարձել Արևմտյան Հայաստանի գավառների ժողովրդավար մտավորականության հայացքների արտահայտիչ, պայքարել Ազգային սահմանադրության իրականացման համար: «ԱՐԾՎԻ ՎԱԱՊՈՒՐԱԿԱՆ»-ին համագործակցել են Գ. Սրվանձտյանը, Ա. Թոխմախյանը, Ա. Գրիգորյանը, Ա. Բժշկյանը, Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյանը) և ուրիշներ:
Է. Կոստանդյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am