ԱՐԾՐՈՒՆԻ Գրիգոր Երեմիայի (1845, Մոսկվա-1892, Թիֆլիս), հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ: Սկզբնական կրթությունը ստացել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, այնուհետև ուսանել է Մոսկվայի և Պետերբուրգի համալսարաններում, 1869-ին ավարտել Հայդելբերգի համալսարանը՝ ստանալով քաղաքատնտեսության և փիլիսոփայության դոկտորի աստիճան: 1869-70-ին հայերենի դասեր է առել Վիեննայի, ապա Վենետիկի Մխիթարյանների մոտ: Վերադառնալով Թիֆլիս՝ զբաղվել է ուսուցչությամբ, թղթակցել հայ մամուլին: 1872-ին հիմնել է «Մշակ» թերթը, որի խմբագիրն էր մինչև մահը:
Արծրունին հայ լիբերալիզմի ականավոր գաղափարախոսներից է: Կողմնակից էր Հայաստանում կապիտալիզմի զարգացմանը, բուրժուադեմոկրատական կարգերի հաստատմանը: Հայկական հարցը քննել է նրա ձևավորման շրջանում՝ դեռևս մինչև հայերի զանգվածային կոտորածները Թուրքիայում: Ըստ Արծրունիի, Հայկական հարցի լուծումը հնարավոր է ռուսների հետ հայերի զինակցության և թուրքական բռնատիրության դեմ համատեղ պայքարի միջոցով: Ռուսաստանի օգնությունը համարել է վճռական գործոն արևմտահայերի ազատագրման գործում՝ չժխտելով ժողովրդական ապստամբությունը: Արծրունին գտնում էր, որ ազգի լուսավորությունը, նրա մշակույթի զարգացումը կարևոր միջոց են և՛ արևելահայերի, և՛ արևմտահայերի ինքնության պահպանման համար:
Գրականության ցանկ
«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am