ԱՐԾԿԵ, Ադիլջեվազ, Ալջավազ, գավառակ Արևմտյան Հայաստանի Վանի նահանգի համանուն գավառում, Վանա լճի հյուսիս-արևմտյան ափին: Համապատասխանում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Բզնունիք գավառի մի մասին: Կենտրոնը՝ Արծկե գյուղաքաղաք:

Արծկեն XVI-XVII դդ. թուրք-պարսկական պատերազմների ընթացքում բազմիցս ավերվել և ամայացել է: Բնակչության ազգային կազմն էապես փոխվել է քրդական ցեղերի ներթափանցման հետևանքով: Հաստատվելով հիմնականում Սարիսում (Արծկեի հյուսիսային՝ լեռնոտ, արոտավայրերով հարուստ մասը)՝ քրդերն աստիճանաբար դուրս են մղել հայերին և տիրացել նրանց գյուղերին: Մահմեդական բնակչությունն ավելացնելու նպատակով թուրքական կառավարությունը 1870-ական թթ. գավառակում վերաբնակեցրել է Հյուսիսային Կովկասից գաղթած լեռնականների (հիմնականում՝ օսեր): Այնուհանդերձ, 1890-ական թթ. Արծկեի մոտ 10 հզ. հայերը դեռևս կազմել են բնակչության բացարձակ մեծամասնությունը (60- 64 %-ը):

1896-ի հայկական կոտորածների ժամանակ Արծկեի հայաբնակ գյուղերը ևս ենթարկվել են ջարդերի և կողոպուտի, արտագաղթել են հարյուրավոր հայ ընտանիքներ: Ռուսական փոխհյուպատոսարանի տվյալներով, XX դ. սկզբին Արևելյան Հայաստանում ապաստանել է Արծկեի և Արճեշի 1000 հայ ընտանիք: Չնայած կորուստներին, Արծկեի 10 հզ. հայերը, բնական բարձր աճի և 1908-ից հետո սկսված ներգաղթի շնորհիվ, Մեծ եղեռնի նախօրեին կազմում էին գավառակի բնակչության մոտ 50 %-ը: 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Արծկեի 26 հայաբնակ գյուղերում կոտորվել է 1800 մարդ, Արծկե գյուղաքաղաքի 200 տուն հայերից փրկվել է 2-ը: Որոշ հայկական գյուղերի (Առեն, Արճրա, Բսրկատ, Խոռանոց, Կարաքեշիշ ևն) բնակիչները դիմել են ինքնապաշտպանության, ապաստանել Վանում, Լիմ և Կտուց կղզիներում: Թուրքական կոտորածից փրկվածներն անցել են Արևելյան Հայաստան:

 

Գ. Բադալյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am