ԱՐՍԼԱՆ Էմին (1873-1943), թուրքական դիվանագետ և քաղաքական գործիչ: Ազգությամբ՝ արաբ: Սովորել է Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: «Միություն և առաջադիմություն» կուսակցության հիմնադիրներից: Եղել է Սիրիայի փոխնահանգապետ, օսմանյան հյուպատոս Ֆրանսիայում, Բելգիայում և Արգենտինայում: Առաջին աշխարհամարտի (1914- 1918) նախօրեին և ընթացքում դեմ է եղել Թուրքիայի զինակցությանը Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ: 1914-ին հրաժարվել է պաշտոնից՝ մնալով Բուենոս Այրեսում: 1915-ին սկսել է հրատարակել ազատական ուղղության և ի նպաստ Անտանտի հանդես եկող «Լա նոտա» հանդեսը: 1915-17-ին    գրել է հոդվածներ, որոնցում մերկացրել է օսմանյան կառավարության ջարդարար քաղաքականությունը, հատկապես՝ հայերի ցեղասպանությունը: Արսլանը բացահայտել է երիտթուրքերի հետադիմական էությունը, նրանց համաթյուրքականության ծրագիրը, հայերից հետո կայսրության մյուս ազգային փոքրամասնություններին սպառնացող վտանգը: Այդ ելույթների համար թուրքական զինվորական ատյանը հեռակա կարգով նրան դատապարտել է մահվան (1916): Մի շարք հոդվածներում Արսլանը անդրադարձել է 1921-22-ին հայ վրիժառուների կողմից թուրք ցեղասպան գործիչների ահաբեկչությանը և դրան տվել առարկայական ու ճշմարիտ գնահատական:

Կ. Հասասյան

Վ. Մաթևոսյան (Արգենտինա)

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am