«ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՎԵՍՏՆԻԿ» ("Армянский вестник"-«Հայկական լրաբեր»), հասարակական-քաղաքական, գրական պատկերազարդ շաբաթաթերթ ռուսերեն լեզվով: Հրատարակվել է Մոսկվայում, 1916-ի հունվարից - 1918-ի ապրիլը: Խմբագիր-հրատարակիչ՝ Ի. Ամիրով: Նրա հետ սերտ գործակցել է Ա. Ջիվելեգովը: Շաբաթաթերթը հրապարակել է հոդվածներ, ուսումնասիրություններ, գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ, հայ և ռուս հասարակայնության հայտնի ներկայացուցիչների (Լեո, Վ. Թոթոմյանց, Տ. Հախումյան, Խ. Քուչուկ-Հովհաննիսյան, Գ. Չուբար, Գ. Չալխուշյան, Ս.Գորոդեցկի, Վ. Բրյուսով, Վ. Նեմիրովիչ-Դանչենկո, Յու. Վեսելովսկի, Ս. Կոտլյարևսկի, Պ. Դոլգորուկով և ուրիշներ) թղթակցությունները, որոնք լուսաբանել են հայ ժողովրդի հասարակական-քաղաքական կյանքը, բացահայտել Արևմտյան Հայաստանում թուրքական կառավարության քաղաքականության հակահայկական էությունը, անդրադարձել փախստականների վիճակին, բարձրացրել Հայաստանի տնտեսական վերածննդի հարցեր: «ԱՐՄՅԱՆՍԿԻ ՎԵՍՏՆԻԿ»-ում հրապարակվել են հայերի 1915-ի ցեղասպանության մասին համաշխարհային հասարակայնության արձագանքները, կարևոր ուշադրություն է դարձվել Հայկական հարցին, ռուսական Կովկասյան բանակի գործողություններին, հայ կամավորական շարժմանը, հայերի ազգային ինքնորոշման խնդիրներին:
Շաբաթաթերթն ունեցել է մշտական խորագրեր՝ «Հայկական կյանքի ժամանակագրություն», «Պատերազմը Թուրքիայի հետ», «Եվրոպան և հայերը», «Հայկական գաղթավայրերը», «Մամուլի տեսություն» և ուրիշներ: Թերթը գտնում էր, որ «Թուրքահայաստանը Թուրքիայից անջատել՝ նշանակում է ոչնչացումից փրկել հայերի մնացորդները և սկիզբ դնել երկրամասի խաղաղ զարգացմանը» (1918, N 4-50):
U. Զաքարյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am