Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Արմենիա հասարակական-քաղաքական, գրական շաբաթաթերթ

«ԱՐՄԵՆԻԱ» հասարակական-քաղաքական, գրական շաբաթաթերթ: Հրատարակվել է 1885-1923-ին, Մարսելում (Ֆրանսիա): Խմբագիրներ՝ Մ. Փորթուգալյան, Ե. Թորոսյան: «Արմենիա»-ն, նկարագրելով Արևմտյան Հայաստանի բնակչության ծանր վիճակը, նրան կոչ է արել պատրաստվել ազգային-ազատագրական պայքարի: «Արմենիա»բացահայտել է եվրոպական պետությունների գաղութային քաղաքականությունն ու շահադիտական նպատակները Թուրքիայում և քարոզել հույս չդնել նրանց վրա, այլ ազատության հասնել սեփական ուժերով: Հրապարակել է նյութեր հայկական գավառների դրության, Կ. Պոլսի ազգային հիմնարկների գործունեության, հայկական գաղթավայրերի (Հնդկաստան, Եգիպտոս, Հունաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Ավստրիա ևն) մասին:

Թերթը ողջունել է 1905-ի ռուսական հեղափոխությունը՝ նրա մեջ տեսնելով ապագա «ժողովրդական» Ռուսաստանի ծնունդը: 1908-ի երիտթուրքական հեղաշրջմանը սկզբնապես վերաբերվել է անաչառ, սակայն հետագայում, իրադարձություների զարգացմանը զուգընթաց, պարզել է երիտթուրքերի հայահալած քաղաքականությունն ու նպատակները:

«Արմենիա»-ն հրապարակել է նաև հայագիտ հոդվածներ և գեղարվեստական ստեղծագործություններ: «Արմենիա»-ի շուրջ համախմբված մտավորականները դարձան հայկական առաջին քաղաքական կուսակցության՝ Արմենական կազմակերպության (1885) միջուկը:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

 

 

  

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am