«ԱՐՄԵՆԻ» ("L'Armenie" - «Հայաստան»), քաղաքական և գրական ամսաթերթ: Լույս է տեսել 1889-ի նոյեմբերի 15-ից, Լոնդոնում (ֆրանսերեն, զուգահեռ՝ նաև անգլերեն), 1898-ից՝ Փարիզում (միայն ֆրանսերեն): Վերջին համարը լույս է տեսել 1906-ի հունվարի 1-ին: Հրատարակիչն էր Մինաս Չերազը: Թերթի նպատակն էր Եվրոպայում Հայկական հարցի օգտին քարոզչությամբ հասնել Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի գործադրությանը: Նույն նպատակն է հետապնդել նաև Լոնդոնում 1888-ից հրատարակվող «Հայաստան» թերթը, 1890-91-ին փորձեր են արվել (համոզել Կ. Հակոբյանին և Մ. Չերազին) միասնական «Արմենի» հրատարակել, սակայն համաձայնությունը չի կայացել: Մ. Չերազին օգնել են եվրոպացի հայասերներ Գուստավ Ադոլֆ Շրումբֆը, Էդմոն Ֆազին և ուրիշներ: Թերթում հրապարակված նյութերից հիշատակության արժանի են Չերազի հիշողությունները 1878-ին Եվրոպա մեկնած Մ. Խրիմյանի գլխավորած պատվիրակության գործունեության մասին: Հրապարակելով Հայկական հարցին վերաբերող հետաքրքական լուրեր, եվրոպական հասարակայնությանը ներկայացնելով հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը՝ Մ. Չերազը ձգտում էր գտնել Հայկական հարցի լուծման խաղաղ, դիվանագիտական ուղիներ: Նրա այս ուղեգիծը հակադրվում էր մի կողմից հայ ազգային կուսակցությունների դիրքորոշմանը (նպատակին հասնել զինված պայքարով), մյուս կողմից՝ Կ. Պոլսի պատրիարք Մ. Օրմանյանի քաղաքական գծին՝ հաշտ ու խաղաղ հարաբերություններ պահպանել Բարձր դռան հետ՝ խուսափելու համար նոր ջարդերից: 1900-ից հրատարակվող «Պրո Արմենիան» ավելի լայնորեն ձեռնարկեց այն գործը, ինչ անում էր Մ. Չերազը, և հակամարտության տեղիք տվեց Չերազի և թերթի հովանավորների՝ դաշնակցական գործիչների միջև: Այդ պատճառով Մ. Չերազը դադարեցրեց «Արմենի»-ի հրատարակումը: Թերթի վերջին (207-րդ) համարում զետեղված է Բեռլինի կոնգրեսի հայ պատվիրակների խմբանկարը:
Գ. Խուդինյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am