Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Արևելյան մամուլ գրական-քաղաքական պարբերական

«ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՄՈՒԼ», գրական-քաղաքական պարբերական: Հրատարակվել է Զմյուռնիայում, 1871-1909 և 1919-22-ին: 1871-93-ին՝ ամսագիր, 1894-1902-ին՝ կիսամսյա հանդես, 1903-09-ին` շաբաթաթերթ, 1919-22-ին օրաթերթ: Խմբագիրներ` Մ. Մամուրյան (1871-1901), Հ. Մամուրյան (1901-09, 1919-22): Ուներ ժողովրդավարական ուղղություն, պաշտպանել է Օսմանյան կայսրության կազմում արևմտահայերի ինքնավարության գաղափարը: 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ և հետո «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՄՈՒԼ» կողմնորոշվել է դեպի Անգլիան՝ նրանից ակնկալելով բարենորոգումների անցկացում Արևմտյան  Հայաստանում: 1878-ի Բեռլինի կոնգրեսից հետո քննադատել է Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանին՝ նրա գործունեության մեջ չտեսնելով ազգային քաղաքականության սկզբունքները: 1870-80-ական թթ. վաղաժամ է համարել ազատագրական պայքարը՝ գտնելով, որ դրան պետք է նախորդի տնտեսական, ազգային, մշակութային զարգացման մի տևական ժամանակաշրջան: 1880-ից հրաժարվել է արտաքին քաղաքական որևէ կողմնորոշումից և հիմնականում ապավինել հայության ազգային միասնության շնորհիվ ինքնորոշման հասնելու գաղափարին: «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՄԱՄՈՒԼ»-ի հրապարակախոսության մեջ իրական կողմերով ներկայացված է Հայաստանի բնակչության կեղեքումը թուրք և քուրդ հարստահարիչների կողմից: 1908-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հանդես է եկել երիտթուրքերի ջարդարար քաղաքականության դեմ և հայ ժողովրդի փրկությունը տեսել զինված ինքնապաշտպանության մեջ: 1919-1922-ին լայնորեն անդրադարձել է հույն-թուրքական պատերազմին, Կիլիկյան Հայաստանի իրադարձություններին, Հայկական հարցի վիճակին:

Ս. Խառատյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am