ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, Հայաստանի արևելյան մասի պայմանական անվանումը: Շրջանառության մեջ է մտցվել է IV դ. վերջին, երբ հարևան զորեղ տերությունների մրցաբեմ դարձած Հայաստանը 387-ին բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Իրանի միջևԵրկրի շուրջ երեք քառորդ մասը (Մեծ Հայքի Այրարատ, Վասպուրական, Տուրուբերան, Սյունիք, Մոկս, Տայք, Արցախ նահանգները) ընդգրկող Արևելյան Հայաստանը ընկել է Սասանյանների տիրապետության տակ: Այնուհանդերձ, Հայաստանի երկու հատվածում էլ սկզբնապես պահպանվել է հայոց թագավորական իշխանությունը: Արևելյան Հայաստանում այն վերացվել է 428-ին, երբ Արշակունիների վերջին գահակալ Արտաշես Գ գահընկեց է արվել, և Հայաստանի արևելյան մասը վերածվել է մարզպանության: Հայաստանի բաժանումը չի խախտել երկրի էթնիկական, տնտական, կրոնական և հոգևոր-մշակութային փոխկապվածությունը, ինչին մեծապես նպաստել է հայոց գրերի գյուտը և V դ. ծայր առած մշակութային հզոր վերելքը: Կրոնամշակութային միասնության պահպանման գործում վիթխարի դեր է խաղացել հայոց եկեղեցին՝ սատարելով ոչ միայն մշակութային զագացմանը, այլև համառ և երկարատև պայքարում պահպանելով իր ազգային և կրոնական ուրույն դեմքը (քաղկեդոնականության մերժում, հայոց տոմարի ստեղծում ևն): VII դ. կեսին Արևելյան Հայաստանը ընկել է Արաբական խալիֆայության տիրապետության տակ, որի կազմում Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու օրոք (634-654), Բյուզանդիային ենթակա հայկական տարածքների միավորմամբ (639), հիմնականում վերականգնվել է Հայաստանի միասնությունը, որից հետո մինչև XVI դ. կեսը, Արևելյան Հայաստան քաղաքական հասկացությունը չի գործածվել: 885-ին միասնական Հայաստանում ստեղծվել է Բագրատունիների հայոց թագավորությունը, որի անկումից (1045) հետո Հայաստանի տարածքային ամբողջությունը պահպանվել է օտարերկրյա գերիշխանության պայմաններում: XVI-XVII դդ. Հայաստանին մեծամեծ աղետներ են պատճառել երկրին տիրանալու համար մղված անվերջանալի թուրք-պարսկական պատերազմները: 1555-ի Ամասիայի պայմանագրով Արևելյան Հայաստանը անցել է Սեֆյան Պարսկաստանին, իսկ Արևմտյան Հայաստանը՝ օսմանյան Թուրքիային (սահմանը կազմել են Ախուրյան գետը, Հայկական պար և Կոտուր-Զագրոսյան լեռները), և այդ բաժանմամբ վերստին հարություն են առել Արևելյան Հայաստան և Արևմտյան Հայաստան հասկացությունները: 1639-ի Կասրի-Շիրինի նոր թուրք-պարսկական պայմանագրով Հայաստանի բաժանման սահմանագիծն անցել է Ջավախքի լեռներով, Ախուրյան գետով, Երասխով (Արաքս) մինչև Հայկական պար լեռնաշղթան, ապա Վասպուրականի լեռներով դեպի հարավ: XVIII դ. 20-ական թթ. Սեֆյան հարստութեան կործանումից հետո, օսմանյան Թուրքիան վերստին փորձել է զավթել Արևելյան Հայաստանը, ամբողջ Անդրկովկասը և Ատրպատականը: Չնայած Ռուսաստանը 1724-ի հունիսի 12-ի Կոստանդնուպոլսի պայմանագրով ճանաչել է օսմանյան Թուրքիայի գերիշխանությունը Արևելյան Հայաստանի նկատմամբ, սակայն Երևանի և, հատկապես, փաստական անկախություն ձեռք բերած Արցախի ու Սյունիքի հայերը զինված դիմադրել են թուրքական բանակներին: Եվ երբ Նադիր խանը կարողացել է Արևելյան Հայաստանից վտարել թուրքական զորաբանակները, որպես երախտագիտության նշան ճանաչել է Արցախի հայոց մելիքների ինքնավար իրավունքներըXVII դ. վերջից Արևելյան Հայաստանը մեծ դեր է խաղացել հայ ազգային-ազատագրական շարժման մեջ, ինչը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով: Արևելյան Հայաստանը և նրա մասը կազմող Արարատյան բնաշխարհը դարեր շարունակ եղել է հայ պետական կյանքի կենտրոնը (այստեղ է գտնվել հայոց հնագույն մայրաքաղաքների մեծ մասը՝ Արմավիրը, Արտաշատը, Վաղարշապատը, Դվինը, Անին ևն), 1441-ից վերստին հայոց կաթողիկոսի նստավայրը (Էջմիածին): Հայկական պետականության կորստից հետո հայոց հոգևոր կենտրոնն ստանձնել է նաև որոշ պետական ֆունկցիաներ արտաքին հարաբերությունների, Հայաստանը զավթած պետությունների հետ առնչությունների ասպարեզում, մնացել հայ ժողովրդին և նրա աշխարհասփյուռ զանգվածները շաղկապող, ազգությունը պահպանող միակ հաստատությունը: Նման պայմաններում հայ ազգային-ազատագրական շարժման առանցքը դարձել է Արևելյան Հայաստանի ազատագրման և հայկական պետականության վերականգնման խնդիրը. Ռուսաստանի վերելքը Պետրոս 1-ի օրոք, Ազովյան արշավանքների ժամանակ դրսևորած նրա արևելյան քաղաքականության միտումները, համեմատաբար մերձավոր հարևանությունը Արևելյան Հայաստանի հետ նպաստել են հայ ազգային-ազատագրական շարժման համար քրիստոնյա Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակցությունը և հովանավորությունն ապահովելու գաղափարի ծագմանը: Այդ նպատակն են հետապնդել Իսրայել Օրու և Եսայի Հասան -Ջալալյանի բանակցությունները (XVIII դ. 1- ին քառորդ) ռուսական արքունիքի հետ: Սակայն Կ. Պոլսի ռուս-թուրքական պայմանագիրը (1724) Արևելյան Հայաստանը հանձնել է օսմանյան Թուրքիայի ողորմածությանըԵկատերինա II-ի գահակալմամբ (1761) վերստին կյանքի է կոչվել Արևելյան Հայաստանի հենքի վրա հայկական պետականությունը վերականգնելու նպատակադրումը, 1780-ական թթ. վերսկսվել են բանակցությունները ռուսաստանաբնակ հայկական գործիչների, Արցախի մելիքների, Ամենայն հայոց կաթողիկոսության հետ, բայց այդ նպատակով նախատեսված պարսկական արշավանքները (Ա. Սուվորովի, այնուհետև Պ. Պոտյոմկինի հրամանատարությամբ) չեն իրականցվել: Վ. Զուբովի գլխավորած պարսկական արշավանքը (1796), չնայած սկզբնական հաջողություններին, անավարտ է մնացել Եկատերինա II-ին հաջորդած Պավել 1-ի բացասական դիրքորոշման պատճառով1801-ին Արևելյան Վրաստանի հետ Ռուսաստանին է միացվել Արևելյան Հայաստանի հյուսիսային և հյուսիս-արևելյան մի շարք գավառներ (Փամբակ, Լոռի, Ուտիք ևն), որից հետո Արևելյան Հայաստանի հարցում ցարական կառավարության քաղաքական ընթացքն արմատապես փոխվել է, այն հրաժարվել է հայկական պետականության վերականգնման գաղափարից, ձեռնարկել բացահայտ անեքսիոնիստական քաղաքականություն՝ խնդիր դնելով կայսրությունն ընդարձակել մինչև Ախուրյան-Արաքս-Կուր (Կասպից ծով թափվելու վայրում) բնական սահմանագիծը: 1804-13-ի ռուս-պարսկական պատերազմի ընթացքում Ռուսաստանը գրավել է Արևելյան Հայաստանի այլ տարածքներ ևս՝ Արևելյան Շիրակի կամ Շորագյալի սուլթանությունը (1805), Ղարաբաղի խանությունը (1805, Զանգեգուրի և Կապանի հետ), Մեղրին: Երևանի և Նախիջևանի խանությունները գրավելու նպատակով ձեռնարկված երկու արշավանքները (1804-ին՝ գեներալ Պ. Ցիցիանովի, 1808-ին՝ ֆելդմարշալ Ի. Գուդովիչի հրամանատարությամբ) ձախողվել են թույլ տրված ռազմաքաղաքական և տակտիկական սխալների պատճառով: Այնուհանդերձ, չնայած Անգլիայի և Ֆրանսիայի աջակցությանը, Պարսկաստանը պարտվել է և Գյուլիստանի պայմանագրով (1813) ճանաչել Արևելյան Հայաստանի նշանակալի տարածքների, այդ թվում Ղարաբաղի անցումը ռուսական տիրապետության տակ: 1826-28-ի ռուս-պարսկական նոր պատերազմից հետո Թուրքմենչայի հաշտության պայմանագրով (1828) Երևանի և Նախիջևանի խանությունները ևս անցել են Ռուսաստանին, որով ավարտվել է Արևելյան Հայաստանի հիմնական մասի միացումը Ռուսաստանին: Պայմանագիրը կնքելիս ռուսական կողմը հրաժարվել է հետևել հայերի հորդորներին՝ Ռուսաստանին միացնել նաև Մակուի խանությունը, որը կարևոր ռազմաստրատեգիական դիրք էր գրավում օսմանյան Թուրքիայի և Պարսկաստանի շփման կետում՝ որոշ չափով ամբողջացնելով Արևելյան Հայաստանի տարածքային ընդգրկումը1828-ի ցարական ռեսկրիպտով Երևանի, Նախիջևանի խանություններից և Օրդուբադի օկրուգից կազմվել է Հայկական մարզ վարչամիավորը, որը ժամանակավոր զիջում էր հայ ժողովրդի ազատագրական բաղձանքներին: Մինչ այդ, արդեն Երևանի գրավումից (1827-ի հոկտեմբեր 1) հետո, հայ ազատագրական շարժման գործիչները ռուսական կառավարությանն էին ներկայացրել մի ծրագիր, ըստ որի Ռուսաստանին անցած հայկական հողերը պետք է միավորվեին թագավորության մեջ՝ գլուխ ունենալով ռուսաց ցարին որպես հայոց թագավոր: Այդ ծրագիրն անտեսվել է և որպես մասնակի զիջում ստեղծված Հայկական մարզը գոյատևել է մինչև 1840-ը, երբ գաղութարարական նպատակներ հետապնդող վարչական նոր փոփոխութուններից հետո կազմավորվել է Երևանի նահանգը: Այն ներառել է Արևելյան Հայաստանի մի մասը (հյուսիսային հատվածը մտցվել է Թիֆլիսի, իսկ արևելյան և հարավ-արևելյան մասերը՝ Ելիզավետպոլի նահանգների մեջ): 1877-78-ի ռուս-թուրքական պատերազմի հետևանքով Ռուսական կայսրությանն է միացվել Կարսի մարզը, որը նախկինում տնտեսապես սերտորեն առնչվում էր Արևելյան Հայաստանին (վերջինիս սահմաններն ընդարձակվել են մինչև Դևեբոյինի և Կարգաբազարի լեռների ջրբաժան գիծը): Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին ձեռնարկելով և ի կատար ածելով հայ ժողովրդի արևմտյան հատվածի ցեղասպանությունը՝ պանթյուրքական գաղափարներով տոգորված երիտթուրք գործիչները ծրագրել էին նույնը կատարել նաև Արևելյան Հայաստանում: Օգտվելով Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Անդրկովկասում ստեղծված իրավիճակից (ռուսական զորքերի հեռացումը, վրաց մենշևիկների և մուսավաթականների հակահայկական դիրքորոշումը)՝ նրանք ձեռնամուխ եղան իրենց ոճրագործ ծրագրերի իրականացմանը: 1918-ի փետրվարից թուրքական զորքերը հարձակվեցին և դարձյալ զավթեցին ռուսական զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքները, իսկ 1918-ի ապրիլի 8-ին, խախտելով Բրեստի հաշտության պայմանագիրը, ներխուժեցին Արևելյան Հայաստան: Զավթելով Սարիղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը՝ թուրք հրոսակները երեք ուղղություններով շարժվեցին դեպի Երևան: Ոսոխի դեմ մեն-մենակ մնացած հայ ժողովուրդը մայիսյան մի քանի հերոսամարտերում (տե՛ս Սարդարապատի ճակատամարտ 1918, Բաշ Ապարանի ճակատամարտ 1918, Ղարաքիլիսայի ճակատամարտ 1918) հաստատեց իր լինելիության իրավունքը: Արևելյան Հայաստանի մի մասում 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետության ստեղծումը, որով գրեթե վեցհարյուրամյա ընդմիջումից հետո վերականգնվեց հայկական պետականությունըԱռաջին համաշխարհային պատերազմում պարտություն կրած Թուրքիան Մուդրոսի զինադադարով (1918-ի հոկտեմբեր 30) պարտավորվեց զորքերը հանել Անդրկովկասից և Կարսի մարզից: Չնայած թուրքական զորքերի հեռանալուն, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական կացությունը բարդացավ Արևելյան Հայաստանի հյուսիսային շրջանների նկատմամբ վրաց մենշևիկների ոտնձգությունների, Արցախում, Զանգեզուրում և Նախիջևանում մուսավաթականների սանձարձակ գործողությունների հետևանքով: 1920-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության ստեղծումն Անատոլիայում լուրջ սպառնալիք դարձավ Հայաստանի Հանրապետության համար արևմուտքից: Հեղափոխականների դիմակով ծպտված և համաշխարհային հեղափոխության գաղափարով քողարկվող քեմալական ազգայնականները, որոնց կորիզը նույն երիտթուրքական ջարդարարներն էին, որոշեցին Հայաստանի Հանրապետության հետ հաշիվները մաքրելու համար օգտագործել Խորհրդային Ռուսաստանի աջակցությունը: Ազգային մեծ ժողովի և Խորհրդային Ոուսաստանի պատվիրականությունների 1920-ի օգոստոսի 24-ին նախաստորագրած «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիրը (ըստ էության, ուղղված 1920-ի Սևրի պայմանագրի դեմ) նախատեսում էր ռազմական և դրամական օգնություն քեմալականներին, որի զգալի մասը օգտագործվեց Հայաստանի Հանրապետության դեմ 1920-ի սեպտեմբերին քեմալականների սանձազերծած հայ-թուրքական պատերազմի ժամանակ: Հայաստանին պարտադրված Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920) հանրապետության տարածքը սահմանափակեց Արարատյան դաշտավայրով և Սևանա լճի ավագանով, Արևելյան Հայաստանի զգալի մասի նկատմամբ հաստատեց թուրքական վերահսկողություն: Արևելյան Հայաստանի հիմնական տարածքում խորհրդային կարգերի հաստատումով այդ պայմանագիրը չեղյալ հայտարարվեց, սակայն 1921-ի մարտի 16-ին Մոսկվայում՝ Հայաստանի թիկունքում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրով քեմալականները զավթեցին Կարսը, Արդահանը և երբևէ Թուրքիային չպատկանած Սուրմալոփ գավառը, իսկ ինքնավար հանրապետություն հռչակված Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանի հովանավորությանը: ՌԿ(բ)ԿԿ Կովբյուրոյի 1921-ի հուլիսի 5-ի անօրինական որոշմամբ, դարձյալ հակառակ հայ ժողովրդի կամքի արտահայտման, հօգուտ Ադրբեջանի վճռվեց Արևելյան Հայաստանի կարևորագույն բաղկացուցիչներից մեկի՝ Արցախի ճակատագիրը: Արևելյան Հայաստանի տարածքի հիմնական մասում այժմ գոյատևում են (հայ բնակչությամբ) Հայաստանի Հանրա-պետությունը, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, Շահումյանի շրջանը (1992-ին Լեռնային Ղարաբաղի նորընտիր Գերագույն խորհուրդը ԼՂԻՄ-ը և Շահումյանի շրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն): 1991-ի ապրիլ-մայիս ամիսներին Ադրբեջանը՝ խորհրդային բանակի աջակցությամբ, չնայած հայ ազատամարտիկների և տեղի բնակչության փոքրաթիվ ուժերի հերոսական պաշտպանության, կոտորեց և բռնի տեղահանեց նաև Գետաշենի ենթաշրջանի հայ բնակչությանը: Առաջնորդվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքով՝ վերջիններս ագգային-ազատագրական պայքար են մղում մայր Հայաստանին վերա-միավորվելու համար:

Վ. Դիլոյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am