Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Արևելքի ժողովուրդների առաջին համագումար

ԱՐԵՎԵԼՔԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ 1920, տեղի է ունեցել սեպտեմբերի 1-7-ին, Բաքվում, Կոմունիստական ինտերնացիոնալի որոշմամբ: Համագումարին մասնակցել են Արևելքի 37 ազգեր ներկայացնող 2045 պատգամավորներ, ինչպես նաև Կոմունիստական ինտերնացիոնալի գործկոմի, Եվրոպայի մի շարք կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունների, երիտասարդության կոմունիստական ինտերնացիոնալի պատվիրակությունները: Համագումարի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի 101 պատգմավորներՀամագումարը լսել և քննարկել է Կոմինտերնի գործկոմի նախագահ Գ. Զինովևի «Կոմինտերնը և Արևելքի ժողովուրդների խնդիրները», Կոմինտերնի գործկոմի քարտուղար Կ. Ռադեկի «Միջազգային իրադրության և Արևելքի աշխատավոր զանգվածների խնդիրների մասին», Կոմինտերնի գործկոմի անդամ Մ. Պավլովիչի «Ազգային և գաղութային հարցերի մասին» և այլ զեկուցումները: Արծարծված հարցերի վերաբերյալ ընդունվել են բանաձևեր ու որոշումներ, կոչ (մանիֆեստ)՝ ուղղված Արևելքի ժողովուրդներն, ուղերձ՝ Եվրոպայի, Ամերիկայի, ճապոնիայի բանվորներինՀայաստանի պատվիրակների զեկուցումներում, ելույթներում, հայտարարություններում և այլ փաստաթղթերում արծարծվել են Հայաստանի տնտեսական և քաղաքական ծանր իրավիճակի, հայերի ցեղասպանության, թուրք վայրագությունների, արևմտյան դիվանագիտության երեսպաշտության և այլ հարցեր: Մերկացվել են երիտթուրքերի և քեմալականների զավթողական ձգտումները: Դատապարտելով երիտթուրքերի հակահայկական քաղաքականությունը՝ Կոմինտերնի գործկոմի ներկայացուցիչը համագումարում նշել է Բրեստի կոնֆերանսում թուրքական ներկայացուցչի զայրացուցիչ վարքագծի, թուրք ազգայնականների կողմից պայմանագրով չբավարարվելու և Հայաստանի վրա արշավելու մասին: Համագումարին (ղեկավարության նախաձեռնությամբ) հրավիրվել էր նաև թուրքական քաղաքական գործիչ Էնվեր փաշան, որը ցանկացել էր հանդես գալ Մարոկկոյի, Ալժիրի, Թունիսի, Եգիպտոսի և այլ երկրների ճնշված ժոդովուրդների անունից՝ պահանջելով իր ղեկավարությամբ ստեղծել «իսլամական բանակ»՝ իբրև թե ազատագրելու Արևելքի ժողովուրդներն իմպերիալիզմի լծից: Էնվերին չթույլատրվեց մասնակցել համագումարի նիստերին, սակայն նրա հայտարարությունն ընթերցվեց: Նրանում Էնվերը աշխատում էր իրենից հեռացնել հայ ժողովրդի նկատմամբ զազրելի ոճրագործության մեղավորությունը, նաև մերժում էր Անդրկովկասի դեմ թուրքական նվաճողական գործողությունները, գովաբանում թուրքական կառավարողների քաղաքականությունը «ազգերի ինքնորոշման և հավասարության» հարցում: Նրա հայտարարությունը համագումարում չարժանացավ պաշտպանության, ընդունված բանաձևը թուրքական կառավարողների և հատկապես Էնվերի քաղաքականության դատապարտումն էր առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Համագումարի մի շարք պատգամավորների ելույթներում մերկացվեցին երիտթուրքերի և քեմալականների իրական նպատակները, որոշակիորեն նշվեց, որ քեմալական շարժումը ոչ ժողովրդական է և ոչ էլ կոմունիստական: Համագումարին՝ Էնվեր փաշայի հրավիրումը առաջացրեց Եվրոպայի մի շարք երկրների կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունների խիստ տարակուսանքը: II ինտերնացիոնալի պարագլուխներից ժան Լուրեն սխալ է համարել համագումար հրավիրել մեկին, «որի ձեռքերին միլիոնավոր հայերի արյուն կա...»: Համագումարի ընդունած որոշումներում և հայ պատվիրակների՝ համագումարին ներկայացրած փաստաթղթերում հայ ժողովրդի ազատագրական պայքարին և պատմական ճշմարտության վերականգնման նրա ձգտմանը տրվել է ոչ ճիշտ, միտումնային գնահատական: Հայաստանի Հանրապետության փորձերը Հայկական հարցի լուծման ուղղությամբ գնահատվել են որպես «դաշնակ իմպերիալիստների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ», որոնք, իբր, ժողովրդին մղում են պատերազմի ընդդեմ «բուրժուական լծից ազատագրված Ռուսաստանի և Ադրբեջանի ժողովրդի»: Խոշտանգված և կործանման եզրին հասած Հայաստանը հայտարարվել է «իմպերիալիստական» նմանօրինակ սխալ քաղաքականություն է վարել նաև համագումարում ընտրված Արևելքի ժոդովուրդների պրոպագանդայի և գործողության խորհուրդը:

 Հ. Ավետիսյան

 

 

 Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am