«ԱՐԵՎԵԼՔ», ազգային, քաղաքական և գրական օրաթերթ: Հրատարակվել է Կ.Պոլսում, 1884-96 և 1898-1912-ին: Տարբեր տարիներ թերթի արտոնատեր, տնօրեն, հրատարակիչ-խմբագիրներ են եղել Ստ. Տամատյանը, Գ. Պոյաճյանը, Ե. Սրմաքեշխանլյանը: Սուլթան Աբդուլ Համիդ II-ի հալածանքների ժամանակ հայ առաջավոր մտավորականները (Ա.Արփիարյան, Լ. Բաշալյան, Տ. Կամսարական, Հ. Ասատուր, Գ. Զոհրապ) հրապարակել են հոդվածներ Արևմտյան Հայաստանի տնտեսական և քաղաքական վիճակի վերաբերյալ: «ԱՐԵՎԵԼՔ»-ը հրաժարվել է տպագրել թուրքական պաշտոնական հերյուրանքները 1894-96-ի հայկական կոտորածների մեղավորներ հայերին համարելու մասին, ուստի գրաքննությունը ժամանակավորապես արգելել է թերթի հրատարակումը: 1908-ին «ԱՐԵՎԵԼՔ» ողջունել է համիդյան բռնապետության տապալումը և սահմանադրության վերահաստատումը՝ հուսալով հայերի և Օսմանյան կայսրության մյուս ժողովուրդների ազատագրումն ու իրավահավասարությունը: Ըստ «ԱՐԵՎԵԼՔ»-ի Հայկական հարցի ծագման պատճառներն են ազգային և կրոնական դաժան ճնշումը, հայերի բնաջնջման մշտական սպառնալիքը: Դատապարտել է 1909-ի Ադանայի կոտորածը և նշել երիտթուրքերի մասնակցությունն այդ եղեռնին: Բանավիճել է թուրքական մամուլի հետ՝ մերկացնելով կառավարության երկդիմի քաղաքականությունը Կիլիկիայի հայերի արտագաղթի և վերադարձի հարցում: «ԱՐԵՎԵԼՔ»-ը հանդես է եկել հայ քաղաքական կուսակցությունների համատեղ գործողությունների օգտին, տպագրել ՀՀԴ դիրքորոշումը օսմանյան պառլամենտի ընտրությունների նկատմամբ, ՀՀԴ Կ.Պոլսի պատասխանատու մարմնի շրջաբերականները, հնչակյանների գործունեությունը լուսաբանող նյութեր: Ադանայի կոտորածից հետո «ԱՐԵՎԵԼՔ»-ը հնարավոր է համարել հայերի նոր կոտորածներ և առաջադրել է ինքնապաշտպանության գաղափարը:
Ս. Խառատյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am