ԱՐԴՎԻՆ, քաղաք և գավառ պատմական Տայքի Ճակք և Եգերք աշխարհի Նիգյալ գավառներում, ներկայիս Թուրքիայի համանուն վիլայեթում, Ճորոխի ստորին հոսանքի ավազանում: Տասնվեցերորդ դարում գրավել են օսմանյան թուրքերը և դարձրել Չըլդըրի (Ախալցխայի) վիլայեթի համանուն սանջակը (գավառ), որը հայտնի էր նաև Լիվանե անունով: 1878 թ. անցել է Ռուսաստանին` կազմելով նախ Քութայիսի նահանգի, ապա` Բաթումի մարզի մասը: 1884 թ. Արդվին քաղաքում և հայկական գյուղերում հայերի թիվը հասնում եր 7930-ի: 1890-ական թվականներին, և քսաներորդ դարի սկզբին դեպի Ախալքալաք և Սև ծովի առափնյա շրջաններ բազմաթիվ արդվինցիների գաղթի հետևանքով գավառի հայության թիվը մինչև առաջին համաշխարհային պատերազմը չգերազանցեց 7000 մարդուց: 1914թ. նոյեմբերի կեսերին Արդվինի ընդամենը 4-5 օրյա թուրքական գրավման ժամանակ գազանաբար ոչնչացվեց գավառի հայության գրեթե կեսը: Բոլոր հայկական գյուղերը հիմնահատակ ավերվեցին: Քաղաքի բնակչության  մի մասը և գյուղերից տասնյակ մարդիկ միայն կարողացան փախչել Քութայիս և Հյուսիսային Կովկաս: Նրանց մի մասը վերադարձավ 1915-1916 թթ.: 1921թ. փետրվարին թուրքական զորքերի կողմից Արդվինի վերագրավումից հետո հայ և վրացի բնակչությունը ամբողջովին արտագաղթեց Վրաստան, Աբխազիա և Խորհրդային Հայաստան: 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով Արդվինը հանձնվեց Թուրքիային:

 

Գրականության ցանկ

 

«Հայկական հարց», Երևան, 1996

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am