ԱՐՃԵՇ, Էրջիշ, գավառակ Արևմտյան Հայասատանի Վանի նահանգի հյուսիս-արմևմուտքում, Վանա լճից մինչև Ծաղկանց լեռները: Համապատասխանում է Մեծ Հայքի Վասպուրական և Տուրուբերան նահանգների Քաջբերունիք գավառին: Վարչական կենտրոնը՝ Ականց (Ականիս) գյուղաքաղաք:

Գրեթե լիովին հայաբնակ Արճեշը մեծապես տուժել է XVI-XVII դդ. թուրք- պարսկական պատերազմներից (1604-ին պարսից շահ Աբբաս l-ի հայերի մեծ մասին բռնությամբ գաղթեցրել է Իրան), երբ այնտեղ սկսել են հաստատվել քրդական ցեղեր: XVIII դ. վերջին Իրանից Արճեշ է տեղափոխվել հայդարան (հայդարցի) քրդական ցեղը: Արճեշի էթնիկական կազմն էապես փոխվել է 1828-29-ի ռուս-թուրքական պատերազմից հետո ծայր առած հայ բնակիչների արտագաղթի հետևանքով: Հատկապես տուժել են հյուսիսային՝ Սարիսու և Զիլանաձոր (Զեյլանդերեսի) գյուղախմբերը, որոնց շատ գյուղեր (Աղի, Գյալահոկ, Գուլադսըզ, Զևիկ, Մարալ, Կանեսպի, Հազարա, Կարաաղաջ, Հացվե, Նանաջանիկ ևն) ամբողջովին կամ մասամբ հայազրկվել են, բնակեցվել քրդերով: Այնուամենայնիվ, մինչև 1890-ական թթ. կեսը Արճեշը մնացել է Վանի նահանգի ամենահայաշատ հատվածներից մեկը (ըստ ռուսական տվյալների, 14 հզ. հայերը կազմել են գավառակի բնակչության 64 %-ը, իսկ հայկական աղբյուրների համաձայն, նրանց թիվը հասել է 26 հզ-ի):

1896-ի կոտորածները մեծամեծ աղետներ են պատճառել նաև Արճեշի հայերին, հիմնահատակ կործանվել են Արճեշի գետահովտի հայաշատ խոշոր գյուղերը (Աղսրավ, Արմիզոնք, Բանոն, Բերդաղ, Բլուրմակ, Գանձակ, Դիլան, Ծայծակ, Հարություն, Մատղավանք ևն), միայն հունիսին Արճեշի 16 գյուղերում զոհվել են 1686 հայեր, մեծ չափերի է հասել արտագաղթը (հիմնականում՝ Արևելյան Հայաստան), անկում է ապրել տնտեսությունը, հայերի հողերի մեծ մասը զավթել են քուրդ բեկերն ու աղաները: Ոչ լրիվ տվյալներով, Աղսրավից գաղթել է 100, Գանձակից 60, Օրորանից՝ 32, Իրիշատից՝ 27 հայ ընտանիք: 1908-ից զգալի թվով հայեր վերադարձել են Արճեշ՝ 1915-ի Մեծ եղեռնի նախօրեին կազմելով գավառակի բնակչության ամենաստվար հատվածը (10- 12 հզ. բնակչություն կամ 45 %-ը): Մեծ եղեռնի ժամանակ Արճեշում զոհվել է մոտ 3 հզ. հայ, փրկվածները հարկադրված գաղթել են Արևելյան Հայաստան:

Գ. Բադալյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

  

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am