ԱՐՃԱԿ, Էրչեկ, գավառ Արևմտյան Հայաստանի Վանի նահանգում, Արճիշակ (այժմ՝ Մահմեդիկդերե) գետի հովտում: Տարածքը համապատասխանում է Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արճիշակովիտ գավառին: Վարչական կենտրոնը՝ Արճակ գավառ:

XVI դ. կեսին Արճակը զավթել է օսմանյան Թուրքիան: Մինչև 1840-ական թթ. ենթարկվել է Մահմդանքի (Մահմուդի) կիսանկախ իշխանությանը, հարևան Սարայի հետ կոչվել Ներքին Խոշաբ: Հետագայում վերածվել է գյուղախմբի և մտցվել Վանի նահանգի մեջ: XVI-XVII դդ-ից Արճակ թափանցած քրդական ցեղերն աստիճանաբար հաստատվել են նախկինում հայաբնակ մի շարք գյուղերում: 1860-ական թթ. թուրքական կառավարությունը հայկական Ազկարա գյուղում վերաբնակեցրել է Հյուսիսային Կովկասից գաղթած լեռնականների: Այնուամենայնիվ, ըստ Վանի հայոց առաջնորդարանի տվյալների, 1878-ին Արճակում ապրող 5685 հայերը կազմել են բնակչության 85%-ը: Գավառում բնակվել են նաև զգալի թվով ասորիներ: Հետագայում թուրքական նոր բռնություններն էապես փոխել են Արճակի բնակչության էթնիկ կազմը: 1896-ի հունիսյան կոտորածների ընթացքում միայն 7 հայաբնակ գյուղերում, ոչ լրիվ տվյալներով, զոհվել է ավելի քան 280 մարդ: Մեծ թվով հայեր արտագաղթել են: Բռնությամբ կրոնափոխվել են Ասպստան գյուղի, Արճակի մի մասի, մի շարք ուրիշ գյուղերի հայ բնակիչներ: Զոհվել են նաև շատ ասորիներ: Չնայած դրան, Մեծ եղեռնի նախօրեին Արճակի 1013 տուն (6679 անձ) հայերը շարունակում էին մնալ բնակչության ամենաստվար մասը: Նշանավոր հայաբնակ գյուղեր էին Խառակոնիսը (230 տուն), Արճակը (մոտ 200 տուն), Կզլջան (65 տուն), Հազարան (մոտ 60 տուն), Մխկները (50-60 տուն), Մանգանը (60 տուն), Շամշաղինը (70 տուն), Սևանը (60 տուն): 1915-ի փետրվար-ապրիլին Արճակի հայ և ասորի բնակիչները ենթարկվել են կոտորածի: Նրանց մի մասը Շիրին Եղիազարյանի ղեկավարությամբ ինքնապաշտպանական մարտերով տեղափոխվել է Վան և միացել հերոսամարտի դիմած հայերին: Փրկվածները հուլիսին հարկադրված գաղթել են: Հետագայում Արճակ վերադարձածները դարձյալ հեռացել են 1918-ին՝ թուրքական հարձակման ժամանակ:

 

Գ. Բադալյան

Գրականության ցանկ

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am