ԱՆԳԼՈ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1895 Օսմանյան կայսրության բաժանման վերաբերյալ, տեղի են ունեցել Մեծ Բրիտանիայի պրեմիեր մինստր լորդ Սոլսբերիի և Գերմանիայի դեսպան Պ. Գատսֆիլդ-Վիլդենբուրգի ու կայզեր Վիլհելմ 2-րդի միջև, 1895-ի հուլիս-օգոստոսին, Լոնդոնում` Հայկական հարցի սրման կապակցությամբ: Օգտագործելով Մերձավոր Արևելքում ստեղծված ճգնաժամային իրավիճակը` անգլիական դիվանագիտությունը երկակի խաղ էր խաղում. մի կողմից Գերմանիային ահաբեկում էր Ռուսաստանի հետ մերձեցման հեռանկարով, մյուս կողմից` ակնարկում անգլո-գերմանական համաձայնության մասին Օսմանյան կայսրության բաժանման հարցում: Հուլիսյան բանակցություններում գերմանիայի դեսպանը փորձում էր անգլիական կառավարության ղեկավարին համոզել Գերմանիայի, այլ ոչ թե Ռուսաստանի հետ համաձայնագիր ստորագրելու նպատակահարմարությանը: Օգոստոսի սկզբին Անգլիա ժամանեց Վիլհելմ 2-րդը, որն իր դժգոհությունը հայտնեց Հայկական հարցում անգլիական կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ: Միաժամանակ նա անգլիական կառավարությանը ծանոթացրեց Օսմանյան կայսրության բաժանման իր ծրագրին` Մեծ Բրիտանիային խոստանալով աջակցություն սուլթանի դեմ ուժ գործադրելու հարցում, եթե Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան համապատասխան տարածքային փոխհատուցում ստանան: Անգլիական կառավարությունն անտարբերությամբ վերաբերվեց կայզերի ծրագրին, քանի որ Թուրքիայի անհապաղ անդամահատման մտադրություն չուներ: Անգլիական դիվանագիտության նպատակն էր այդ բանակցություններով սրել ռուս-գերմանական հակասությունները Մերձավոր Արևելքում: Լոնդոնի բանակցությունները տեղի էին ունենում գաղտնի և սուլթանական կառավարությունը անտեղյակ մնաց դրանից:
Գրականության ցանկ
«Հայկական հարց» , Երևան, 1996թ.:
Ադոնց Ն., Հայկական հարց, «Հայագիտակ» հրատ, Երևան, 1996 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am