Հանրագիտարան >> Հայոց ցեղասպանության հանրագիտարան >> Անգլո-ֆրանս-ռուսական համաձայնագիր

 ԱՆԳԼՈ-ՖՐԱՆՍ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 1915` նեղուցների մասին, գաղտնի համաձայնագիր, որ կնքվել է հուշագրերի փոխանակմամբ` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ս. Սազոնովի և Պետրոգրադի անգլիական ու ֆրանսիական դեսպանությունների միջև 1915-ի մարտ-ապրիլին: Թուրքիայի բաժանման վերաբերյալ Անտանտի տերությունների առաջին ռազմական պայմանագիրն էր, որը նախատեսում էր գերմանական դաշնակցության դեմ հաղթանակից հետո Կ. Պոլսի (Ստամբուլ) և սևծովյան նեղուցների (ափամերձ շրջաններով ու կղզիներով) միացում Ռուսաստանի կայսրությանը: Փոխարենը Ռուսաստանը պարտավորվում էր հարգել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի «հատուկ շահերը» խնդրո առարկա շրջանում, ինչպես նաև նրանց պահանջատիրությունը Օսմանյան կայսրության տարածքում և Մերձավոր Արևելքի այլ մասերում: Անգլո-ֆրանս-ռուսական համաձայնագրում Արևմտյան Հայաստանի մասին խոսք չկար (թեպետ, ըստ պայմանավորվածության, Ալեքսանդրետի ծոցն ու Կիլիկիան մինչև Տավրոսի լեռնաշղթան պետք է անցնեին Ֆրանսիային), քանի որ Ռուսաստանի կառավարության շրջաններում դեռևս պատկերացում չունեին ապագա Հայաստանի կարգավիճակի մասին:  Բացի այդ, Արևմտյան Հայաստանի բացահայտ բռնակցումը կարող էր վտանգել նեղուցների հիմնահարցը: Այդ ամենի տրամաբանական շարունակությունը եղավ 1916-ի Սայքս-Պիկոյի համաձայնագիրը, որն արդեն նախատեսում էր Արևմտյան Հայաստանի միացումը Ռուսաստանի կայսրությանը:

 

Գրականության ցանկ
 
 «Հայկական հարց»,Երևան,1996թ.
 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am