ԱՆԱՆՈՒՆ Դավիթ (Տեր-Դանիելյան) [1879, գյուղ Մեծ Շեն, (ԼՂՀ Մարտակերտի շրջանում) -1942, Աստրախան], հրապարակախոս, պատմաբան, հասարակական գործիչ: Հնչակյան, ապա` ՀՀԴ կուսակցության անդամ, 1905-ից` հայ սոց-դեմոկրատական բանվորական կազմակերպության (սպեցիֆիկներ) գաղափարախոսը: Աշխատակցել է Թիֆլիսում և Երևանում լույս տեսնող հայ պարբերական մամուլին: 1920-26-ին` Երևանի հեղափոխության թանգարանի դիրեկտոր: Անանունը հեղինակ է հայ ժողովրդի նոր պատմության հարցերի, ազգամիջյան հարաբերությունների վերաբերյալ աշխատությունների: «Ռուսահայերի հասարակական զարգացմանը» (հ. 1-3, 1916-26) աշխատության մեջ շարադրել է արևելահայերի հասարակական, քաղաքական և մշակութային զարգացման օրինաչափությունները, առաջ քաշել հայ ժողովրդի ազգային համախմբման անհրաժեշտության գաղափարը: Անանունը գտնում էր, որ հայ բուրժուազիան  երբեք չի արտահայտել ազգի շահերը, և որ այդ շահերի կրողները եղել են գյուղացիները, որոնք ներկայացրել են ազգի ֆիզիկական, բայց ոչ գաղափարական ուժը:  Բանվորները, չնայած իրենց փոքրությանը, հանդիսանում են սոց. ուժը, որն արագորեն ընկալում է հասարակական շահը, ճիշտ կողմնորոշվում քաղաքական իրադրության մեջ և կարող է լինել հայերի միասնական հզորության հիմքը: Ազգային հարցին վերաբերվող ուսումնասիրություններում («Ազգային հարցը և դեմոկրատիան» հոդվածաշարը «Նոր հոսանք», 1913, հ. 1-2) Անանաունը պաշտպանել է կուլտուր-ազգային պատկանելիության գաղափարը, ազգային պատկանելության գաղափարը գերիշխող է համրել ճնշված ժողովուրդների ազգային հարցում, նշել, որ հենց ազգային ընդհանրությունը կարող է համախմբել ազգին, նրա բոլոր սոցիալական խմբերին և դասակարգերին:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց» , Երևան, 1996թ.:

 


ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am