«ԱՆԱՀԻՏ», գրական-գեղարվեստական հանդես: Հրատարակվել է Փարիզում, 1898-1911 և 1929-49-ին (ընդմիջումներով): Խմբագիր` Ա. Չոպանյան: Լայնորեն լուսաբանել է հայկական հարցը, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը: 1-ին փուլում «Անահիտում» հրապարակվել են քաղաքական իրադարձությունները վերլուծող, ինչպես նաև հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանն ու համախմբմանը նպաստող հոդվածներ: Քննարկել է հայ ազատագրական շարժման անցած ճանապարհը, նրա թույլ տված սխալներն ու թերությունները: Սան Ստեֆանոյի պայմանագրից (1878) հոտո ընկած ժամանակաշրջանի հիմնական սխալները կապել է ազատագրական շարժման ղեկավարների քաղաքական կողմնորոշման հետ և վճռականորեն հանդես է եկել եվրոպական կողմնորոշման դեմ: Գտնելով, որ անջատ գործողությունների մարտավարությունը կհանգեցնի պարտության, «Անահիտը» ժողովրդին կոչ է արել լրջորեն պատրաստվել ապստամբության, ընտրել հարմար պահը` միայն այդ դեպքում հուսալով դրական արդյունք: 2-րդ փուլում հանդեսը զետեղել է հոդվածներ Հայաստանի տնտեսական և մշակութային հաջողությունների մասին` հայրենիքի ուժեղացման մեջ տեսնելով Հայկական հարցի լուծման երաշխիքը և հայ ժողովրդի ազգային իղձերի իրականացումը:
Գրականության ցանկ
Ադոնց Ն., Հայկական հարց, «Հայագիտակ» հրատ, Երևան, 1996 թ.:
Ավետիսյան Յ., «Անահիտ» հանդես, ԵՊՀ հրատ., Երևան, 1999 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am