ԱԿՆ, Էգին, քաղաք, համանուն կազայի կենտրոնը Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգում, Խարբերդից մոտ 90 կմ հյուսիս-արևմուտք, Եփրատի աջ ափին: Ըստ ավանդության, Ակնը հիմնել են Վասպուրականից տեղափոխված հայերը 1021-22-ին: Քաղաքի երկու մասերը (Վերի և Վարի) բաժանված էին թաղամասերի (Արեգի, Խնկաձորի, Գոչան և այլն): Ըստ Ակնի հայոց առաջնորդարանի տվյալների, 1880-ին քաղաքի  9728 բնակիչներից հայեր էին 5442-ը (1910-ին` մոտ 10 հազարը):  Ունեին երկու եկեղեցի` Ս. Աստվածածին, (Վերի թաղում), և Ս. Գևորգ (Վարի թաղում), վարժարաններ (Ներսիսյան, Նարեկյան երկսեռ, Հռիփսիմյանց):  1872-78-ին Ակնում գործել են Ազգասիրական, Ուսումնասիրական և Շահաբեր մշակութային ընկերություններ, հրատարակվել են «Եփրատ», «Ծաղիկ», «Մտրակ» թերթերը:  19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին Ակնի գավառակն ընդգրկել է քաղաքի շրջակա բնակավայրերը, Եփրատի ձախափնյակը (Լիճքի և Սալահլու գյուղախմբերը), Ակնո և Ոսկեգետակ գետերի հովտում գտնվող Աղինի Գյուղախումբը (Օվայի գյուղերը): Գավառակի 22 հայաբնակ գյուղերում [նշանավոր էին Աղինը (Վաղավեր), Անջրդին, Ապուչեխը, Լիճքը (Լիճ), Ծագը, Կամարկապը, Մաշկերտը, Շեփիկը] 1880-ական թթ ապրում էր մոտ 6700 հայ: Մուշեղկա, Շրզու, Ձորակ և Վանք գյուղերում բնակվում էին հունադավան հայեր (հայ հոռոմներ): Թուրքաբնակ գյուղերում, որոնց բնակիչների մեծ մասը 17-18-րդ դդ բռնությամբ մահմեդականացված հայեր էին, 20-րդ դարի սկզբին պահպանվել էին եկեղեցիների ավերակներ, հայկական տոհմանուններ: 17-18-րդ դդ մեծ թվով հայեր Ակնից գաղթել էին Կ.Պոլիս` այնտեղ սկզբնավորելով մի շարք ամիրայական  ընտանիքներ: 1894-96-ի հայկական կոտորածների ժամանակ Ակնում և շրջակա գյուղերում կոտորվել է մոտ 3000 հայ: Ամբողջովին ավերվել է  քաղաքի Վերի թաղը (նաև Ս. Աստվածածին եկեղեցին): 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Ակնի հայերը բռնությամբ տեղահանվել և բնաջնջվել են: Որոշ տվյալներով, 1925-ին քաղաքում և շրջակա գյուղերում մնացած 300-400 հայերը հետագայում աստիճանաբար լքել են իրենց բնօրրանը: Ներկայումս Ակնը վերանվանվել է Քեմալիե:

 

Գրականության ցանկ
«Հայկական հարց»,Երևան,1996 թ.:
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am