ԱՀԱՐՈՆՅԱՆ Ավետիս Առաքելի. Ծնվել է 1866-ին՝ Իգդիրմավա գյուղում (Սուրմալուի գավառում), մահացել է 1948-ին՝ Փարիզում, թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը: Հասարակական, քաղաքական գործիչ, գրող: ՀՀԴ կուսակցության անդամ: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1886), Լոզանի համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետը, Սորբոնի համալսարանում` գրականության դասընթացներ: Եղել է ուսուցիչ (Գևորգյան ճեմարանում, Իգդիրի, Նոր Բայազետի ծխական դպրոցներում): Աշխատակցել է «Մուրճ» ամսագրին, «Հառաջ», «Ալիք» և այլ թերթերի: Եվրոպայում ուսանած տարիներին հայանպաստ գործունեություն է ծավալել (ներգրավելով նաև եվրոպ. գործիչների)` քարոզչությամբ ներկայացնելովՀայկական հարցը: 1901-1902-ին մասնակցել է դաշնակցության հնչակյան կուսակցության միավորման նպատակով նրանց միջև տարվող բանակցություններին, 1902-ին` համիդյան բռնակալության դեմ ընդհանուր ճակատ կազմելու օսմանյան ընդիմադիր կուսակցությունների ու կազմակերպությունների առաջին համագումարին: Հայկական պատվիրակության կազմում եղել է Հաագայի (1907) խաղաղության կոնֆերանսում, ներկայացրել Հայկական հարցի լուծման խնդրագիրը:  1907-1909-ին` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տնօրեն:  1909-ին բանտարկվել է «դաշնակցության գործով», ազատվելով` 1911-ին անցել է արտասահման, ուր մնացել է մինչև 1916-ը:  Վերադառնալով Թիֆլիս` ներգրավվել է ազգային գործերում. 1917-ին ընտրվել է Հայոց ազգային խորհրդի նախագահ, 1919-ին` Հայաստանի Հանրապության խորհրդարանի անդամ, ապա` նախագահ: Եղել է Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավարը Փարիզի հաշտության կոնֆերանսում (1919-1920): Ահարոնյանը ստորագրել է Սևրի հաշտության պայմանագիրը (1920),  մասնակցել Լոնդոնի (1921) և Լոզանի (1922-1923) կոնֆերանսներին, մեծ ջանքեր է գործադրել ի նպաստ Հայ դատի (այդ մասին մտքերը ամփոփել է «Սարդարապատից մինչև Սևր և Լոզան» գրքում, 1943): Լոզանի դաշնագրի առթիվ դաշնակիցներին և Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի կոմիսար Գ. Չիչերինին հղելով իր բողոքագրերը` հեռացել է ակտիվ քաղաքական գործունեությունից: Անցել է գրական ստեղծագործական աշխատանքի: Հրատարակվել է նրա երկերի ժողովածու 10 հատորով, որդու՝ Վ. Ահարոնյանի խմբագրությամբ: Ահարոնյանի գործերը («Ազատության ճանապարհին» 1926, և այլն) մեծապես նպաստել են հայ ժողովրդի ազատագրական պայքարին, ունեցել ոգևորիչ նշանակություն:  1934-ին Մարսելում, հրապարակային ելույթի ժամանակ, Ահարոնյանը կաթվածահար է եղել և 14 տարի տառապելուց հետո մահացել: 

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am