Ադոնց (Տեր-Ավետիքյան) Նիկողայոս Գևորգի. Ծնվել է 1871-ին, մահացել է 1942-ին: Պատմաբան: Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, ավարտել Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմաբանասիրական ֆակուլտետները: 1916-ին եղել է Էջմիածնում, Մուշում, Էրզրումում, մասնակցել Վանի հնագիտական արշավախմբին: 1920-ից ապրել և աշխատել է Լոնդոնում, Փարիզում, 1930-ից` Բրյուսելում: Աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ ժողովրդի միջնադարյան պատմությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ եկեղեցու, լեզվի և գրականության հարցերին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի հետ կապված իրադարձությունների ազդեցությամբ Ադոնցը 1918-1920-ին անդրադարձել է Հայկական հարցի պատմությանը, հրատարակել հոդվածներ` «Հայկական հարցի պատմական հիմքը և Թուրքիայի անկումը» (երկուսն էլ` 1918-ին, անգլերեն). «Թուրքիայի նոտան և Տաճկահայաստանը», «Հայկական հարցը Սևրում» (1920թ թ. անգլերեն): Քննելով Հայկական հարցի ծագումը` Ադոնցը հերքել է Եվրոպայում տարածված այն կարծիքը, ըստ որի Հայկական հարցը հանդիսանում է Ռուսաստանի դիվանագիտական դավադրություն ցույց է տվել, որ Հայկական հարցի ծագումը պայմանավորված է Օսմանյան կայսրությունում հայերի վիճակով, թուրքական լծից ազատվելու նրա ձգտումով: Ադոնցը նշել է, որ եվրոպական պետությունները հենց դրանից էլ օգտվել են` իրենց ազդեցությունը Թուրքիայում տարածելու համար (մասնավորապես առանձնացրել է Հայկական հարցում ռուս-անգլիական մրցակցությունը): Ադոնցը քննադատել է Խորհրդային Ռուսաստանի քաղաքականությունը Բրեստի հաշտության հարցում` նշելով, որ այդ հաշտության հետևանքով Արևմտյան Հայաստանն անցավ Թուրքիային: Բացահայտելով Սևրի հաշտության պայմանագրի նշանակությունը` Ադոնցը նշել է, որ չնայած այդ պայմանագրով Հայաստանը ճանաչում էր անկախ պետություն, սակայն դա չէր նշանակում Հայկական հարցի լուծում, քանի որ բաց էր մնում Հայաստանի սահմանների հարցը ինչպես ռուսական, այնպես էլ թուրքական կողմի հետ:

 
 
Գրականության ցանկ
«Հայկական հարց», Երևան,1996 թ.:
 

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am