Ադանայի նահանգ. վարչական միավոր Օսմանյան կայսրության կազմում, Փորք Ասիա թերակղզու հարավային մասում, Միջերկրական ծովի ափին: Ընդգրկել է Կիլիկիայի արևմտյան մասը: Ադանայի նահանգի տարածքը (40 հ ազար կմ քառակուսի) համապատասխանում է ժամանակակից Թուրքիայի Իչելի և Ադանայի (Սեյհան) նահանգներին: Բաժանված էր Իչելի, Ադանայի, Սսի (Կոզան) և Ջեբել Բերեքեթի գավառների: Վարչական կենտրոնը` Ադանա: 1080-1375-ին մտել է Կիլիկիայի հայկական պետության կազմի մեջ: 1516-ին երկրամասը զավթել են օսմանյան թուրքերը: 1915-ին Ադանայի նահանգը ուներ 403,4 հազար բնակիչ, որից 178 հազարը` հայեր: Նահանգի արդյունաբերական  ու արհեստագործական ձեռնարկությունների մեծ մասը և առևտուրը գտնվում էին հայերի ձեռքին: Աբդուլ Համիդ 2-րդի և երիտթուքերի օրոք կազմակերպված հայ բնակչության ջարդերը (տես Ադանայի կոտորած 1909 թ.), ապա և 1915-ի տեղահանությունը ավերեցին նահանգի տնտեսությունը: Երբ 1919-ին ֆրանսիական բանակը  հայ կամավորների օգնությամբ գրավեց Ադանայի նահանգը, շատ հայեր վերադարձան` հույս դնելով ֆրանսիացիների  պաշտպանության վրա: Սակայն 1921-ի հոկտեմբերի 20-ի Անկարայի պայմանագրով (տե՛ս Թուրք-Ֆրանսիական համաձայնագիր 1921) ֆրանսիացիները 1922-ի հունվարի 5-ին թուրքերին հանձնեցին Ադանայի նահանգը ու հեռացան: Նոր կոտորածի սպառնալիքը ստիպեց Կիլիկիայի 150 հազար հայերին վերստին տեղահանվել ու գաղթել Սիրիա, Լիբանան, Հունաստան և այլուր: Այժմ փոքրաթիվ հայեր բնակվում են Մերսին և Տարսոն քաղաքներում:

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց», Երևան,1996 թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am