ԱՃԱՌՅԱՆ Հրաչյա Հակոբի (1876-1953), լեզվաբան, բանասեր: ՀՀ ԳԱ ակադեմիկոս: Ավարտել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը, սովորել Սորբոնի (Փարիզ), ապա Ստրասբուրգի համալսարաններում: Հիմնական աշխատությունները նվիրված են հայոց լեզվի պատմության, բառարանագիտության հիմանահարցերին: 1915-ին լույս է տեսել Աճառյանի <<Տաճկահայոց հարցի պատմությունը (սկզբից մինչև 1915 թ.)>> աշխատությունը (գրքի վաճառքից գոյացած գումարը հեղինակը տրամադրել է արևմտահայ գաղթականների օգնությանը), որի ներածականում նա տվել է արևմտահայերի կացության և Հայկական հարցի հանդես գալուն նախորդած ազգային զարթոնքի համառոտ բնութագիրը: Լուսաբանելով Հայկական հարցի պատմությունը` հեղինակը նշում է, որ Հայկական հարցը սկզբնապես ձևավորվել է որպես բողոքող արևմտահայերի և օսմ. կառավարության միջև խնդիր, ապա վերաճել է միջազգային հարաբերությունների բարդ կծիկի: Հայկական հարցի գոյությամբ է պայմանավորված  հայ ազգային կուսակցությունների հանդես գալը, հայդուկային շարժման ծավալումը: 20-րդ դ. սկզբին արևմտահայությունը ազատվեց օսմ. սահմանադրության նկատմամաբ պատրանքներից և իր հայացքն ուղղեց դեպի Ռուսաստան: Սկսած առաջին աշխարհամարտի պայամաններում Աճառյանը հույս էր հայտնում, որ հայերը Ռուսաստանի օգնությամբ ձեռք կբերեն Արևմտյան Հայաստանի ինքնավարությունը:

 

Գրականության ցանկ
 
«Հայկական հարց», Երևան, 1996 թ:
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am