Աբելյան Պողոս Գրիգորի (1877-1943 թթ.) ազգային-ազատագրական շարժման գործիչ, տնտեսագետ, իրավաբան, մանկավարժ, գրող, թարգմանիչ: Սովորել է Ախալքալաքի քաղաքային դպրոցում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1893 թ.), 1898-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1911-1915-ին սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում և, միաժամանակ, համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 19-րդ դարավերջին հարել է ՀՅԴ կուսակցությանը, ապա` էսէռներին: Ախալքալաքում հիմնել է (Ջ. Տեր-Գրիգորյանի հետ) ազատագրական խմբակ` Արևմտյան Հայաստանում հակաթուրք պայքարն աշխուժացնելու նպատակով: Խմբակի գործունեության բացահայտումից հետո (1897 թ.) տեղափոխվել է Թիֆլիս: 1914-ից զբաղվել է հայկական կամավոր ջոկատների կազմավորման հարցերով: 1916-1918-ին զգալի օգնություն է կազմակերպել էրզրումահայ գաղթականներին հարազատ քաղաք վերադարձնելու համար: 1918-ից` Թիֆլիսի հայոց ազգային խորհրդի, Կովկասի հայոց բարեգործական, Հայոց գյուղատնտեսական ընկերությունների, 1919-ին` Հայ գրողների կովկասյան միության անդամ: Նախաձեռնել է Ախալքալաքի հայրենյաց վարչության ստեղծումը (1918 թ.): Սուր քննադատության է ենթարկել վրաց մենշևիկներին` հայ գաղթականների նկատմամբ ցուցաբերած անտարբերության և Լոռու ու Ջավախքի շուրջ սկսած եղբայրասպան պատերազմի համար: 1921-ին Հայհեղկոմի հրավերով տեղափոխվել է Երևան: 1920-1930-ական թթ. պատասխանատու պաշտոններ է վարել ՀՕկ-ում, Հայկոոպում, պետհրատում: Զբաղվել է գիտագրական գործունեությամբ:1937-ին, «ազգայնականների» հետ ունեցած կապերի համար ենթարկվել է հալածանքների: Ծանր հիվանդությունից հետո հեռացել է հասարակական ու գիտական գործունեությունից:
Գրականության ցանկ
«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան,1996 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am