ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՆԱՀԱՆԳ. Դիարբեքիրի վիլայեթ, Տիգրանակերտի վիլայեթ, վարչատարածքային միավոր Արևմտյան Հայաստանում: Կենտրոնը՝ Դիարբեքիր: Ընդգրկում էր Աղձնիքի զգալի մասը, Ծոփքի հարավ-արևելքը, Հայոց Միջագետքը, Ծավդեքը, Արվաստանը:

XVI դ. սկզբին գրավել են օսմանյան թուրքերը: Մինչև XIX դ. 40-ական թթ. զբաղեցրել է գրեթե ամբողջ Ծոփքը և Աղձնիքը, Հյուսիսային Միջագետքի որոշ մասը: 1870-80- ական թթ. Դիարբեքիրի նահանգը վարչական լուրջ փոփոխություններ է կրել: XX դ.uկզբին ուներ 3 գավառ՝ Դիարբեքիր (Բշերիկի, Դերիկի, Դիարբեքիրի, Լըճեի, Սևերեկի, Սիլվանի կամ Սլիվանի գավառակներով), Արղնի կամ Արղնա-Մադեն (Բալուի, Մադենի, Ջերմուկի գավառակներով) և Մարդին (Միդիաթի, Նիսիբինի, Ջեզիրեի, Սավուրի գավառակներով): Տարածությունը 47220 կմ² էր (մեկ այլ տվյալի համաձայն՝ 49 609 կմ²): Աոաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Դիարբեքիրի նահանգը ուներ ավելի քան 470 հզ. բնակիչ հայեր, ասորիներ (հակոբիկյան, քլդանի, նեստորական), քրդեր, դմլիկներ (զազաներ), թուրքեր, արաբներ, եզդիներ, հույներ, հրեաներ ևն: Օսմանյան ծանր տիրապետության տարիներին կրոնական և ազգային հալածանքները, պարբերաբար կրկնվող միջցեղային ընդհարումները, կոտորածներն ու արտագաղթը ծանր հարված են հասցրել նահանգի քրիստոնյա, այդ թվում՝ հայ բնակչությանը: Շատ շրջաններ ամբողջովին հայաթափվել են: Մարդինի, Նիսիբինի (Մծբինի), Բալուի, Արղնիի գավառակներում մեծ թվով հայերի բռնությամբ մահմեդականություն են պարտադրել: 1880-ական թթ. Դիարբեքիրի նահանգում բնակվող 150 հզ. հայերը նորանոր հալածանքներ են կրել հետագա տարիներին: Հատկապես աղետալի հետևանքներ են ունեցել 1894-95-ի կոտորածները, երբ հազարավոր հայեր զոհ են գնացել օսմանյան կառավարության որդեգրած ցեղասպանության հրեշավոր քաղաքականությանը: Կ. Պոլսի պատրիարքարանի տվյալներով, 1912- ին Դիարբեքիրի նահանգի 124 հզ. հայերից շուրջ 106 հզ. ապրում էր հյուսիսային գավառակներում՝ կազմելով տեղի բնակչության մոտ 35 %-ը (ամենամեծաթիվ էթնիկական խումբը):

Մեծ եղեռնի տարիներին նահանգի հայությունը վայրագաբար բնաջնջվել է (հիմնականում՝ տարագրության ճանապարհներին): 1921-ի տվյալներով նահանգում բնակվում էր ընդհամենը 3 հզ. հայ:

Գ. Բադալյան

Աղբյուր՝

«Հայկական հարց հանրագիտարան», Երևան, 1996 թ.:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am