«ԱՐԱՔՍ», գրական-գեղարվեստական հանդես: Հրատարակվել է Պետերբուրգում, 1887-95 և 1897-98-ին: Խմբագիր՝ Ս. Գուլամիրյան: Հրապարակել է հոդվածներ պատմության, ազգագրության, Արևմտյան Հայաստանի բնական պայմանների, բնակչության վիճակի վերաբերյալ: 1890-ից լուսաբանել է Հայկական հարցը: «Հայկական խնդրի առիթով» և «Հայկական խնդրի մասին» հոդվածներում (1890-ի N 1-2) քննության է առնված Արևմտյան Հայաստանի բնակչության օրավուր վատթարացող վիճակը Բեռլինի կոնգրեսից (1878) հետո: Հանդեսը լայնորեն անդրադարձել է 1894-1896-ի իրադարձություններին և եզրակացրել, որ թուրքական կառավարության նպատակը հայերին բնաջնջելու միջոցով Հայկական հարցը վերացնելն է: 1897-ի 2-րդ համարում «Արաքս»-ը մանրամասն նկարագրել է 1894-96-ի հայկական կոտորածները: Հոդվածներ է զետեղել Գ. Ջանշյանի և նրա «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» գրքի, Անգլո-հայկական միության գործունեության, Լոնդոնում Հայկական հարցի օգտին կազմակերպված հանրահավաքների վերաբերյալ ևն: «Արաքս»-ի մուտքը Թուրքիա արգելված էր:
Մ. Մխիթարյան
Գրականության ցանկ
«Հայկական հարց », Երևան, 1996 թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am