ԱՐԱՐԱՏՈՎ (Արարատյան) Քրիստափոր Գերասիմի (1876, Նալչիկ-1937), ռազմական գործիչ, գեներալ-մայոր: Ավարտել է Թիֆլիսի կադետական կորպուսը (1892), Պետերբուրգի Միխայլովյան հրետանային ուսումնարանը (1896), Ցարսկոյե սելոյի սպայական դպրոցը (1914), Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիային կից բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները (1926): Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին (Հարավ-արևմտյան, Հյուսիս-արևմտյան Կովկասյան ռազմաճակատներում): 1918-ին՝ Հայկական առանձին կորպուսի հրետանային բրիգադի հրամանատար, մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին: 1919-ի մարտին ստացել է հրետանու գեներալ-մայորի կոչում և նշանակվել (մինչև 1920-ի ապրիլը) Հայաստանի Հանրապետության ռազմական նախարար: Մասնակցել է 1920-ի Թուրքիայի դեմ պատերազմին, գերի ընկել Կարսի գրավման ժամանակ (հոկտեմբեր): Ազատվել է խորհրդային կառավարության միջնորդությամբ և 1921-ի վերջին վերադարձել Հայաստան: 1923-25-ին՝ Հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ, ապա ղեկավարել է ԵՊՀ և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ռազմագիտության ամբիոնները: Անհիմն բռնադատվել և գնդակահարվել է, հետմահու արդարացվել: 

 

Գրականության ցանկ

«Հայկական հարց », Երևան, 1996 թ.:

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am