ՄՈՒՇԻ ԳՈՅԱՄԱՐՏ 1915. Մուշ քաղաքի ու գավառի հայ բնակչության ինքնապաշտպանական կռիվները թուրք ջարդարարների դեմ հունիս-հուլիսին: Մուշն ուներ 94 հազար հայ բնակչություն: Առաջին համաշխարհային պատերազմի հենց սկզբից թուրք կառավարողները ձեռնամուխ եղան հայ բնակչության ոչնչացմանը՝ գլխավոր հարվածն ուղղելով Մուշի և Սասունի դեմ, որոնք հռչակված էին որպես հայ ազգային-ազատագրական շարժման կարևոր կենտրոններ: Կատարելով թուրքական կառավարության հրահանգները՝ տեղական իշխանությունները զինվորական հրամանատարության հետ մշակեցին և գործողության մեջ դրին գավառի ամբողջ հայության բնաջնջման հրեշավոր ծրագիրը:

1915-ի գարնանը Թուրքական կանոնավոր զորամասերը քրդական աշիրեդների հետ հարձակվեցին գավառի հայ բնակչության վրա: Հայերը պատրաստ չէին ինքնապաշտպանության, մանավանդ որ գավառի հայ ղեկավար գործիչներն էլ միակարծիք չէին դիմադրություն կազմակերպելու վերաբերյալ: Գազանաբար սպանվեցին Ցրոնք, Գոմս, Հերկերտ գյուղերի բնակիչները: Մուշի հայերին լրիվ բնաջնջումից փրկեց հայ կամավորների ու ռուս բանակի մոտեցումը, որոնք, հետապնդելով նահանջող հակառակորդին, մայիսի սկզբին հասան Բուլանըխ, ընդհուպ մոտեցան Մուշին: Թուրքերն ընկան խիստ ծանր կացության մեջ: Այս պայմաններում առավել վճռականորեն տրամադրված Մուշի հայոց առաջնորդները (Հակոբ Կոտոյան և ուրիշներ) հնարավոր համարեցին կազմակերպել Մուշի հայոց զինված դիմադրությունը: Սակայն առաջացած տարաձայնությունների պատճառով պահը բաց թողնվեց: Շուտով ռազմաճակատում դրությունը փոխվեց, ռուսական բանակը նահանջեց, հայերը վերստին հայտնվեցին կոտորածի վտանգի առջև: Հունիսի վերջին թուրքական զորքերն անցան հաձակման: Մշեցիների վիճակը խիստ ծանր էր. թուրքերը գրավել էին քաղաքի բարձունքները, շրջապատել հայկական թաղամասերը: Սկսվեց հայ բնակչության կոտորածը: Հուսահատության եզրին հասած հայերը դիմեցին ինքնապաշտպանության. նրանք շտապ կազմակերպեցին մարտական խմբեր, զինվեցին եղած սահմանափակ թվով հրացաններով: Կռվում էին և՛ տղամարդիկ, և՛ կանայք, ծերերն ու երեխաները մատակարարում էին պարեն, կատարում պաշտպանական այլ աշխատանքներ:

1915-ի հունիսի 20-30-ը տեղի ունեցան ուժեղ մարտեր մինչև ատամները զինված, գերազանց թվով թուրքական զորքերի ու հրոսակախմբերի և Մշո խաղաղ հայ բնակչության միջև: Թեև հայերը վատ էին զինված, այնուամենայնիվ, կռվում էին քաջաբար՝ մարտ մղելով ամեն մի տան համար: Մարտերն առանձնապես ուժեղ էին Վերին և Ձորի թաղերում: Թուրքերը կրում էին մեծ կորուստներ, սակայն նրանց քանակական ու զինական անհամեմատելի առավելությունը հարկադրեց Մուշի պաշտպաններին նահանջել: Մշո ինքնապաշտպանության կազմակերպիչ Հակոբ Կոտոյանը  3 անգամ վիրավորվեց, բայց չթողեց մարտական դիրքերը: 700 հայ մարտիկներ կարողացան ճեղքել թուրքական պաշարման օղակը և գնալ լեռները: Կոտրելով հայերի դիմադրությունը թուրքական զորքը ներխուժեց Մուշ և հիմնովին ավերեց այն: Մուշի բազմահազար հայերից փրկվեց ընդամենը 400 հոգի: Նույն բախտին արժանացան Մշո դաշտի շուրջ 100 հայաբնակ գյուղեր: Մի շարք վայրերում (Կառնեն, Ալիջան, Ավրան , Վարդենիս) հայերը մղեցինինքնապաշտպանական կռիվներ: Դաժան մարտեր տեղի ունեցան նաև Սուրբ Կարապետի  շրջանում: Զիարեթ, Մեղտի, Բաղլու, Սորդար, Թոքլան, Կվարս, Բազու գյուղերի բնակիչները (15-20 հազար մարդ ) բարձրացան Սուրբ Կարապետի լեռն ու անտառը և դիմադրեցին հարձակվող թշնամուն: Ինքնապաշտպանության մասնակիցների և խաղաղ բնակչության մեծ մասը նահատակվեց: Մշեցիների ինքնապաշտպանությունը, որն ընթանում էր խիստ անհավասար պայմաններում, ավարտվեց անհաջողությամբ՝ տալով անհամար զոհեր:

 

Գրականության ցանկ 

«Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996թ.

Արամայիս«Զարհուրելի ոճիրը. Մուշ-Սասուն», Բաքու, 1916:

Տեր-Պարսամյան Ե«Տարոնի ինքնապաշտպանությունն ու ջարդը, 1914-1915», Ֆրենզո 1920 :

Շարաֆյան Ե«Տարոնի եղեռնը, ականատեսի վկայություններ», Սան Ֆրանցիսկո 1965  ,

Արզումանյան Մ. , «Հայաստան, 1914-1917», Ե, 1969:

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-91
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniansgenocide.am